Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայոց երևելիները

Հայոց երևելիները
15.07.2014 | 12:31

Մասնագիտությամբ մանկավարժ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ազգային ինստիտուտի աշխատակից Ալբերտ Միքայելյանը, ուսումնասիրելով գիտության, կրթության, կրոնի, մշակույթի, քաղաքականության, ռազմարվեստի և մարզական բնագավառներում զգալի ներդրում ունեցած հայ նշանավոր մարդկանց կյանքը, հրատարակել է «Հայոց երևելիներ» պատկերազարդ հանրագիտակը: Աշխատությունը տարբեր ոլորտներ, ժամանակաշրջաններ ընդգրկող համառոտ տեղեկատու-հանրագիտակ է: Գրքում մենք կարող ենք ծանոթանալ Խաչատուր Աբովյանի, Պետրոս Ադամյանի, Անդրանիկ Զորավարի, Շառլ Ազնավուրի, Ղևոնդ Ալիշանի, Հրաչյա Աճառյանի, Հովհաննես Այվազովսկու, Գարեգին Նժդեհի, Գարրի Կասպարովի, Վիլյամ Սարոյանի, այլոց (ընդհանուր առմամբ՝ ըստ անվանացանկի 155 նշանավոր անհատների համառոտ կենսագրությանն ու գործունեությանը):

Գիրքը շարադրված է պարզ ոճով, նշանավոր անհատների կենսագրությունից զատ, զետեղված են նաև նրանց ասույթները, հետաքրքիր մտքերն ու ակնարկները, որոնք օգնում են պատկերացում կազմելու երևելի անհատների մասին: Գրքում չկա ժամանակագրական սահմանափակում, և ընթերցողը կարող է միաժամանակ կարդալ ու ծանոթանալ ինչպես միջնադարյան բանաստեղծների, մատենագիրների ու ռազմական արվեստի նշանավոր գործիչների կենսագրությանը, այնպես էլ՝ մեր օրերում ապրող ու ստեղծագործող երևելի անհատների գործունեությանը:
Թեև «Հայոց երևելիները» ներկայացված է հանրամատչելի լեզվով, ուղղված է տարբեր նախասիրությունների տեր ընթերցողական շրջանակներին, այնուամենայնիվ, նկատելի է, թե հեղինակն ինչպիսի մանրակրկիտ աշխատանք է կատարել տարբեր ժամանակաշրջանների ու ոլորտների անհատների գործունեությունը լուսաբանելիս:
Ալբերտ Միքայելյանն իր գիրքը հետաքրքիր ու հանրամատչելի դարձնելու նպատակով յուրաքանչյուր հայ նշանավոր անհատի կենսագրության հետ մեկտեղ ներկայացրել է նաև այն ասույթները, կարծիքները, որոնք հայտնել են նրանց մասին ուրիշները, և որոնք բնութագրում են այդ անհատներին ու նրանց ապրած ժամանակաշրջանը: Գրքում ներկայացված են նաև պատմական վավերագրեր, նկարներ, ազգային ավանդույթներին, տոներին, եկեղեցուն, հայոց արքաներին ու արքայատոհմերին, պատմությանը վերաբերող տեղեկատվություն: Հեղինակը զետեղել է գրքում նաև Հայաստանյայց եկեղեցու տոների, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, Հայաստանի կառավարության և օրենսդիր մարմնի ղեկավարների, ՀՀ Ազգային հերոսների, հայ մարշալների, Սովետական Միության հայազգի հերոսների, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահների մասին ամբողջական տեղեկատվություն:
Ընթերցողը կարող է հետ գնալ մինչև դարերի խորքը, հիշել Մովսես Խորենացուն և Եղիշեին, հետո թռիչք գործել մինչև մեր օրերը և ծանոթանալ, օրինակ, Ալբերտ Ազարյանի ու Գարրի Կասպարովի գործունեությանը: Եվ գրքում նրանք բոլորը տեղ են գտել՝ ըստ այբբենական կարգի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ